«Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի (
www.competition.am) միջոցով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ կազմակերպել եւ անցկացրել է առցանց հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Թեման հետեւյալն էր. «Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»: Մրցակցային օրենքի առաջիկա օրենսդրական բարեփոխումներում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուժողականության սկզբունքի» կիրառումը (
տես մանրամասները կամ
առաջարկն ամբողջությամբ):
Հարցերը հետեւյալն էին.
1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
Հարցման մասնակիցները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, սակայն բոլոր մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառման վերաբերյալ: Ոչ մի դեմ արտահայտվող չի եղել: Ինչ վերաբերում է այդ սկզբունքի կիրառման արդյունավետությանը, ապա մեծ մասը կարծում է, որ սկզբունքի կիրառումն ամեն դեպքում կբարձրացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման արդյունավետությունը, չնայած ոմանք էլ կարծում են, որ այն արդյունքներ կտա ժամանակի ընթացքում: Տուգանքի չափի բարձրացման առնչությամբ եւս հարցման մասնակիցները միակարծիք են. այն պետք է բարձրացվի, ըստ հարցման մասնակիցների` 4-15 տոկոս: Մի քանիսը դժվարացել են պատասխանել հարցին:
Առաջիկայում կքննարկվեն մրցակցային օրենսդրության բարեփոխումների մի շարք դրույթներ, որի ժամանակ Հանձնաժողովը նկատի կունենա նաեւ հարցման արդյունքները:
Հարցումը կազմակերպելով Հանձնաժողովը նպատակ է ունեցել նպաստել հանրության հետ կապերի ամրապնդմանը, մրցակցության քարոզչությանը եւ անմիջականորեն ծանոթանալ Հայաստանում մրցակցության խնդիրների, առաջիկա օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հանրության չմիջնորդավորված պատկերացումներին եւ կարծիքներին:
Շնորհակալություն ենք հայտնում
www.aravot.am -ին եւ
www.panorama.am –ին` հարցման անցկացմանը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար: Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին` իրենց տեսակետները հայտնելու համար:
- Հարցումների արխիվ
«Մրցակցության խնդիրները եւ դրանց կարգավորումը Հայաստանում: Հանրության պատկերացումները»
Առցանց հարցման արդյունքները
2008 թվականի մայիսի 5-30-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հանրության շրջանում կազմակերպել եւ անցկացրել է հարցում` «Մրցակցության խնդիրները եւ դրանց կարգավորումը Հայաստանում: Հանրության պատկերացումները» թեմայով:
Հարցումն անցկացնելով Հանձնաժողովը նպատակ ուներ անմիջականորեն ծանոթանալ Հայաստանում մրցակցության խնդիրների եւ Հանձնաժողովից սպասումների վերաբերյալ հանրության չմիջնորդավորված պատկերացումներին եւ կարծիքներին, ուրվագծել մրցակցության քարոզչության թիրախները եւ այլն:
Երկու բովանդակային հարց էր առաջադրվել.
1. Հայաստանում ո՞րն եք համարում տնտեսական մրցակցության բնագավառում առկա ամենամեծ հիմնախնդիր(ներ)ը:
2. Ձեր կարծիքով ո՞րն է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը այդ խնդրի (խնդիրների) լուծման գործում:
Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում
www.aravot.am -ին եւ
www.panorama.am –ին` հարցման անցկացմանը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար: Միաժամանակ, Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում բոլոր պատասխանողներին` իրենց տեսակետները հայտնելու համար:
Հարցմանը պատասխանելու տեխնիկական հնարավորությունները մատչելի էին, սակայն մասնակցության ակտիվությունը կարելի է գնահատել ոչ բավարար:
Պատասխանողները առաջադրված հարցերի վերաբերյալ տարակարծիք են գտնվել, բայց կարելի է պատասխաններից որպես ընդհանրացում անել այն, որ պատասխանողների մեծամասնությունը մրցակցության առաջնային խնդիր է համարում մենաշնորհների գոյությունը, միաժամանակ «դրանց վերացման» համար տարբեր լուծումներ են առաջարկել: Սակայն խնդիրը պարզաբանման կարիք է զգում. աշխարհի տարբեր երկրներում մրցակցության բնագավառում երկու տեսակի օրենսդրություն կա. մրցակցության պաշտպանության կամ հակամենաշնորհային: Հայաստանում գործում է դրանցից առաջինը, ինչը եւ առավել նպատակահարմար է փոքր շուկա ունեցող երկրների համար: Սահմանափակ ներքին շուկա ունեցող մեր երկրի` Հայաստանի, մրցակցային օրենսդրությունը «հակամենաշնորհային» բնույթ չի կրում, այլ ուղղված է մրցակցության սահմանված կանոնների պաշտպանությանը: Ընդհանրապես, իրացման ներքին սահմանափակ շուկա ունեցող երկրներում շուկայում արդյունավետ գործող ընկերությունները կարող են իրացման նշանակալի ծավալներ ձեռք բերել, արդյունքում «վերահսկել» շուկան, ինչն, ինքնին, մրցակցային օրենքի խախտում չի հանդիսանում: Ինչպես նաեւ ներմուծող խոշոր եւ շուկայում իրենց ազդեցությունն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են լինել տվյալ ապրանքի ամենացածր արժեքով ներկրող ընկերությունները եւ դրա հաշվին նվաճել իրենց դիրքը ներքին շուկայում:
Ավելին, արտահանման խրախուսմանը նպատակաուղղված քաղաքականություն վարող երկիրը չպետք է նորմատիվ ակտերով սահմանափակի տնտեսվարող սուբյեկտների, հատկապես արտահանման ներուժ ունեցողների ծավալները, քանի որ նրանք կկորցնեն արտահանման կրիտիկական զանգվածը: Որոշ երկրներում նույնիսկ ստեղծվում են արտահանմանն ուղղված բազմաշերտ համակարգեր, որոնց նկատմամբ վերապահումներով են կիրառվում մրցակցության օրենսդրության դրույթները, մասնավորապես, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ դրույթները:
Հետեւաբար, Հանձնաժողովի դերն ու մանդատը չի կայանում նրանում, որ թիրախային, նպատակաուղղված պայքար մղի շուկաներում մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կամ նրանց «գոյության» դեմ: ՀՀ մրցակցային օրենսդրության ոգուն համաձայն, Հանձնաժողովը պետք է եւ ձեռնարկում է միջոցներ` թույլ չտալու այդ ընկերությունների կողմից իրենց մենաշնորհային կամ գերիշխող դիրքի չարաշահումներ կամ վարքագծային խախտումներ (գործերն ամբողջությամբ տեղադրված են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում):
Այսպիսով, շուկայից դերակատարներին (մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններին) բացառելը կամ վերացնելը խնդրի լուծում չի կարող հանդիսանալ: Խնդրի լուծումը սահմանված մրցակցային կանոնների պահպանումը հսկելն է, բիզնես էթիկայի ձեւավորումը, շուկայի զարգացումը: