SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
ՀՀ Սահմանադրություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը
Աշխատակարգ
ՀՀ այլ օրենքներ
Հանձնաժողովի որոշումները
Կանոնադրությունը
Հանձնաժողովի կանոնադրությունը
Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները
Նորմատիվ իրավական ակտեր
Ներքին իրավական ակտեր
Անհատական իրավական ակտեր
Հաճախ տրվող հարցեր
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) վարչական եւ քրեական կարգով վիճարկման կարգը
Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր


ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2021 թվականի N 81-Լ

 
 
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 102-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը


 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է


1. Հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 16-ի «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 102-Լ որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.competition.am) հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության պաշտպանության վարչությունը շարունակում է գործել որպես մրցակցության գնահատման և վերահսկողության վարչություն, իսկ ընդհանուր քաղաքականության և շուկաների վերլուծության վարչությունը՝ որպես մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչություն։

 

                                          ՆԱԽԱԳԱՀ                                           Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 


2021 թ. մայիսի 31
Երևան

 

 

 

Հավելված
Մրցակցության պաշտպանության
հանձնաժողովի 2021 թվականի
մայիսի 31-ի N 81-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ինքնավար մարմին է, որն ապահովում է տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը և իրականացնում է սպառողների շահերի պաշտպանությունը:

2. Հանձնաժողովը կազմավորվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությանը, Օրենքին, Հանձնաժողովի աշխատակարգին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

4. Հանձնաժողովն իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:

5. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում ընդունում է նորմատիվ, ներքին և անհատական իրավական ակտեր:

6. Հանձնաժողովը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

7. Հանձնաժողովի անվանումն է`
հայերեն՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (կրճատ՝ ՄՊՀ).
ռուսերեն՝ Коммиссия по защите конкуренции (կրճատ՝ КЗК).
անգլերեն՝ Competition Protection Commission (կրճատ՝ CPC).
ֆրանսերեն՝ Commission de la Protection de la Concurrence (կրճատ՝ CPC):

8. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ: Հանձնաժողովը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

9. Հանձնաժողովի պաշտոնական կայքն է՝ www.competition.am, պաշտոնական հեռախոսահամարն է՝ +37460830840, թեժ գծի համարն է՝ +37460830840, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն է՝ info@competition.am:

10. Հանձնաժողովի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Տիգրան Մեծի փողոց, շենք 4:

 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

11. Հանձնաժողովի նպատակն է երաշխավորել տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը։

12. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) ապահովել տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը.
2) ապահովել բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրը.
3) իրականացնել սպառողների շահերի պաշտպանությունը։

 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

13. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից` նախագահ և վեց անդամ:

14. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են։

15. Հանձնաժողովի կառավարումն իրականացնում է Հանձնաժողովի նախագահը։

16. Հանձնաժողովի կառուցվածքում ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի և անդամների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, Հանձնաժողովի նախագահի խորհրդականների, օգնականների, Հանձնաժողովի անդամի օգնականների պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

17. Հանձնաժողովի նախագահին անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարը, Հանձնաժողովի նախագահի խորհրդականները, օգնականները, հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

18. Հանձնաժողովի նախագահին հաշվետու են գլխավոր քարտուղարի տեղակալը և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

19. Հանձնաժողովի նախագահը՝
1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ.
3) կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
4) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը.
5) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
6) կազմակերպում է Հանձնաժողովին հասցեագրված՝ Հանձնաժողովի որոշումների կատարումը.
7) հաստատում է Հանձնաժողովի հաստիքացուցակը.
8) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
9) Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ.
10) իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
11) դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից.
12) տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր.
13) ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, հսկիչ գնում, արտաքին դիտում, մշտադիտարկում կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ.
14) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
15) կասեցնում կամ ուժը կորցրած է համարում գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
16) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ սահմանելով դրանց կառուցվածքը և գործառույթները.
17) ձևավորում է Հանձնաժողովին կից հասարակական խորհուրդ և հաստատում է դրա կազմավորման և գործունեության կարգը.
18) լսում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
19) պարգևատրում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության գործում ավանդ ունեցող անձանց և կազմակերպություններին.
20) օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, հանդես է գալիս որպես գլխավոր կարգադրիչ պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացված ծախսային ծրագրի համար, ֆինանսների կառավարման պետական մարմնի նախնական համաձայնությամբ հաստատում է Հանձնաժողովի կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային կամ վարկային ծրագրերի գնումների պլանը, ծախսերի նախահաշիվը.
21) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

20. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:

21. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով.
2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.
3) իր համակարգման լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը կամ դրա կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.
4) իր համակարգման լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
5) իր համակարգման լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում Հանձնաժողովի որոշումները և այլ փաստաթղթեր.
6) Հանձնաժողովին և Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

23. Հանձնաժողովի անդամն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Հանձնաժողովի անդամի օգնականը անմիջական հաշվետու է Հանձնաժողովի անդամին:

24. Գլխավոր քարտուղարը՝
1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Հանձնաժողովին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) համակարգում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը.
4) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է Հանձնաժողովի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
5) Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է Հանձնաժողովի տարեկան հաշվեկշիռը.
6) Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
7) Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է Հանձնաժողովի անդամների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
9) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով Հանձնաժողովի նախագահին.
10) ստորագրում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված և գլխավոր քարտուղարի անունից ելքագրվող գրությունները.
11) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նշագրում է Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, Հանձնաժողովի նախագահի հրամանների, ելից գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերը.
12) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ.
13) պատասխանատվություն է կրում Հանձնաժողովի հաշվապահական հաշվառումը վարելու, ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու համար.
14) կազմակերպում է Հանձնաժողովի նիuտերի արձանագրությունների վարումը.
15) կազմակերպում է Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

25. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ է ձեռք բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման կազմակերպական, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

28. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ։ Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են իր տեղակալը և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

29. Գլխավոր քարտուղարի տեղակալը՝
1) գլխավոր քարտուղարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում փոխարինում է նրան.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ համակարգում է մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, այդ նպատակով հրավիրում է խորհրդակցություններ, աշխատանքային քննարկումներ.
3) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նշագրում է Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, Հանձնաժողովի նախագահի հրամանների, ելից գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերը.
4) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Հանձնաժողովի անդամների, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ։

 

ԳԼՈՒԽ 4

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՕԳՆԱԿԱՆԸ

30. Հանձնաժողովի նախագահի խորհրդականը՝
1) Հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնելով` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.
6) կատարում է Հանձնաժողովի նախագահի կողմից տրված այլ հանձնարարականներ:

31. Հանձնաժողովի նախագահի օգնականը՝
1) ցուցաբերում է կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն Հանձնաժողովի նախագահին.
2) համաձայնեցնելով Հանձնաժողովի նախագահի հետ` կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանձնաժողովի նախագահին.
3) կազմակերպում է Հանձնաժողովի նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ` նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր Հանձնաժողովի նախագահի համար.
5) նախապատրաստում և Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է Հանձնաժողովի նախագահի կողմից տրված այլ հանձնարարականներ:

32. Հանձնաժողովի նախագահի հրամանով Հանձնաժողովի նախագահի օգնականներից մեկին կարող է վերապահվել մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:

33. Հանձնաժողովի անդամի օգնականը՝
1) Հանձնաժողովի անդամի սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում Հանձնաժողովի անդամի համակարգմանը վերապահված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման վերաբերյալ.
2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում Հանձնաժողովի անդամին.
3) համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամի հետ` կազմակերպում է Հանձնաժողովի անդամի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Հանձնաժողովի անդամին.
4) կազմակերպում է Հանձնաժողովի անդամի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
5) Հանձնաժողովի անդամի հանձնարարությամբ՝ ինքնուրույն կամ համագործակցելով Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
6) կատարում է Հանձնաժողովի անդամի կողմից տրված այլ հանձնարարականներ.

 

ԳԼՈՒԽ 5

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

34. Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) իրավաբանական վարչությունը.
2) մրցակցության գնահատման և վերահսկողության վարչությունը․
3) մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչությունը.
4) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչությունը.
5) միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

35. Հանձնաժողովի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) քարտուղարությունը.
2) վարչատնտեսական վարչությունը.
3) հաշվապահական հաշվառման բաժինը.
4) անձնակազմի կառավարման բաժինը:

36. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են դրանց կանոնադրություններով, որոնք հաստատում է Հանձնաժողովի նախագահը։

  

ԳԼՈՒԽ 6

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԸ

37. Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և ամրացված գույք:

38. Հանձնաժողովի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հանձնաժողովի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հանձնաժողովը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

39. Հանձնաժողովի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

40. Հանձնաժողովի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը։

 

ԳԼՈՒԽ 7

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

41. Հանձնաժողովը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Հանձնաժողովի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:


 

01/06/2021
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.